Մոսկվայում 57-ամյա հորը իբր դաժան վերաբերմունքի համար սպանած երեք քույրերի պաշտպանությունը բողոքարկել է նրանց կալանքի որոշումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Օստանկինսկի դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան:

«Բոլոր երեք նյութերով վերաքննիչ բողոքներ են ստացվել»,- երեքշաբթի ասել է Սելիվանովան:

Նրա խոսքով՝ բողոքների քննարկման օրը դեռեւս չի նշանակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մոսկվայում իր բնակարանի սանդղահարթակում հայտնաբերվել էր 57-ամյա տղամարդու դին՝ վզի ու կրծքի կտրած-ծակած բազմաթիվ վիրավորումներով։  Տղամարդու երեք դուստրերը վստահեցնում են, որ տղամարդը, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, առաջինն էր հարձակվել նրանց վրա դանակով, ու իրենք ստիպված են եղել պաշտպանվել։ 

Աղբյուրի տվյալներով, փոքր քույրը, որը դպրոցի 11-րդ դասարանում է սովորում, հորը առնվազն դանակի 35 հարված է հասցրել՝ վզին ու մարմնին։ Երկու մյուս աղջիկներն էլ հարվածել են նրա գլխին։ Որից հետո քույրերից մեկը կրտսեր քրոջից վերցրել է դանակը ու հարվածել հոր սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրը ոստիկանություն է զանգահարել ու պատմել տեղի ունեցածի մասին։ 

Օգոստոսի 2-ին Մոսկվայի Օստանկինսկի դատարանը կալանավորել է 19, 18 եւ 17 տարեկան քույրերին: Մինչեւ սեպտեմբերի 28-ը նրանք կալանավորված կմնան:

Բնակարանում խուզարկությամբ հայտնաբերվել է արբալետ՝ 16 տեգով, տրավմատիկ ատրճանակ, ազդանշանային «Նագան», որսորդական հրացան եւ դրա փամփուշտներ, ինչպես նաեւ օդամղիչ ատրճանակ եւ ատրճանակ: Ինչպես ասել է գործակալության զրուցակիցը, քննության ընթացքում կպարզվի՝ արդյոք այս զինանոցը հանգուցյալը տանը օրինականորեն էր պահում: