Փաստաբանների պալատն այսօր՝ օգոստոսի 11-ին, դադարեցրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործունեությունը, իսկ Նիկոլայ Բաղդասարյանինը՝ կասեցրել:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Լուսինե Սահակյանը, որն այսօրվա խորհրդի նիստում Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացուցիչն էր, նշեց, որ երկու որոշումներն էլ ակնհայտ ապօրինի են:

Նշենք, որ Նիկոլայ Բաղդասարյանը հունիսի 27-ին նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով: Լուսինե Սահակյանը նշեց, որ Պալատի համապատասխան աշխատակիցը գրություն էր ուղարկել Բաղդասարյանին, որտեղ սխալ հղումներ կատարելով օրենքին՝ նշել էր, որ փաստաբանը չի կատարել իր պարտավորությունն ու տեղյակ չի պահել, որ արտոնագրի կասեցման հիմք կա, քանի որ նշանակվել է վարչապետի խորհրդական:

«Նշեմ, որ ինչպես հայտնի է, Բաղդասարյանը խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով, հետեւաբար, ոչ հասարակականի եւ հասարակականի միջեւ օրենսդրական կարգավորումներով կան էական տարբերություններ: Ինչպես գիտենք, հանրային ծառայողներն իրավունք չունեն փաստաբանական գործունեությամբ միաժամանակ զբաղվել եւ պետք է կասեցնեն արտոնագիրը: Սակայն, սա Նիկոլայ Բաղդասարյանին չի վերաբերում: Համապատասխան հղումներ կատարելով՝ Բաղդասարյանը ներկայացրել էր Պալատին, որ արտոնագիրը կասեցնելու հիմք չկա: Այսօրվա նիստին բացարկ ենք ներկայացրել Խորհրդի բազմաթիվ անդամների, սակայն, մեզ համար ամենատարօրինակն այն էր, որ բացարկի հարցն ընդհանրապես չքննարկվեց: Խորհրդի անդամների ընդհանուր դիրքորոշումից ակնհայտ էր, որ օրինական որոշում չեն կարող կայացնել: Այս տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ խորհուրդը միանշանակ կատարում է Արա Զոհրաբյանի կամքը»,- ասաց նա:

Լուսինե Սահակյանի խոսքով, Փաստաբանների պալատի շահերից է բխում, որ  շատ փաստաբաններ լինեն վարչապետի կամ նախարարների  խորհրդականներ, քանի որ այս կերպ հնարավոր է մի շարք խնդիրներ բարձրացնել եւ դրանց լուծումները ստանալ. «Մինչդեռ ակնհայտ է, որ Արա Զոհրաբյանն առաջնորդվում է ոչ թե փաստաբանության շահով, այլ իր անձնական, նրանք չեն կարողանում հանդուրժել, որ իրենց կամքին դեմ արտահայտվող, սկզբունքներ ունեցող փաստաբանները, որոնք սեփական կարծիք ունեն, որը կարող է տարբերվել Արա Զոհրաբյանի կարծիքից, հանկարծակի նշանակվեն վարչապետի խորհրդական: Պալատի նախագահը մինչեւ իր պաշտոնավարման ավարտը վերջնականապես կկործանի փաստաբանական կառույցը, որը մի շարք փաստաբանների ջանքերի շնորհիվ կայացվել է»:

Անդրադառնալով Տիգրան Աթանեսյանի արտոնագիրը դադարեցնելու որոշմանը, Լուսինե Սահակյանը նշեց, որ կայացվել է խայտառակ որոշում:

«Ակնհայտ է, որ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ Արա Զոհրաբյանն ունի հատուկ վերաբերմունք, որովհետեւ Աթանեսյանն այն փաստաբաններից է, որն ունի իր սեփական կարծիքը, որը տարբերվում է Արա Զոհրաբյանի կարծիքից: Աթանեսյանն այն փաստաբանն է, որ երբեք չի ենթարկվել Արա Զոհրաբյանին, նույնիսկ հարձակում է եղել նրա գրասենյակի վրա: Խայտառակություն է, երբ դադարեցվում է լուրջ, սեփական կարծիք ունեցող փաստաբանի արտոնագիրը: Տարիներ շարունակ մենք պնդում էինք, որ Արա Զոհրաբյանը, տեսնելով, որ այն փաստաբանները, որոնք չեն անցնում իր թրի տակով, ամեն լծակ օգտագործելու է դրան հասնելու համար, իսկ եթե չստացվի, արտոնագիրը դադարեցվելու է: Տիգրան Աթանեսյանն առաջին փաստաբանն է, որի արտոնագիրը դադարեցվել է, որովհետեւ Արա Զոհրաբյանն անձնական խնդիրներ ունի նրա հետ, որովհետեւ Տիգրան Աթանեսյանը չի ենթարկվում Արա Զոհրաբյանին: Սա խայտառակություն է, իմ ունեցած տեղեկություններով, դադարեցումը եղել է զուտ ֆեյսբուքյան գրառումների համար», - ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ իրենք լուրջ քայլեր են ձեռնարկելու, պայքարելու են իրենց գործընկերոջ եւ բոլորի իրավունքների համար: