Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, մասնակցել են մարզի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների պատասխանատուները:
Կրթության եւ գիտության նախարարի տեղակալը ներկայացրել է նոր ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հիմնական խնդիրները եւ շեշտել, որ նախարարությունը կրթության բարեփոխումների իրականացման համար կարեւորում է ոլորտի պատասախանատուների առաջարկությունները ու մասնագիտական դիտարկումները: Որպես սկզբունքային մոտեցում, որը որդեգրված է նախարարության կողմից, Լ. Առաքելյանը նշել է համակարգի ապաքաղաքականացումը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրել է, որ արդեն հաստատվել է 2018-19 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանը, որտեղ փոփոխություններ չեն կատարվել: Վարչության պետի խոսքով` փոփոխությունները որոշվել է հետաձգել գալիք տարվան: Զուգահեռաբար այժմ մշակվում են մի քանի նոր իրավական ակտեր, մասնավորապես հաստատման փուլում են գտնվում դասարանների կազմավորման, բազմահամակազմ դասարանների ձեւավորման, տնօրենների թափուր տեղի համալրման կարգերը, քննարկվում է նաեւ ուսուցիչների ատեստավորման համակարգի փոփոխության հարցը:





























