Դպրոցներում ավարտական միասնական քննությունները ցույց կտան գիտելիքների ստացման եւ գնահատման ամբողջական պատկերը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցում Արագածոտնի մարզի դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը:

Խորհրդակցության ժամանակ տնօրենները մտահոգություն են հայտնել, որ դպրոցները միասնական ավարտական քննությունների պահանջին պատրաստ չեն եւ դպրոցն ավարտող աշակերտներից շատերը միասնական քննություն հանձնելու դեպքում ավարտական վկայական չեն ստանա:

«Մեր նպատակը կրթության որակի եւ արդյունքի չափումն է: Կարծում ենք, որ միասնական քննությունները ցույց կտան գիտելիքների ստացման եւ գնահատման ամբողջական պատկերը: Ես հասկանում եմ բոլոր մտահոգությունները, բայց միասնական ավարտական քննությունը ստուգելու է նվազագույն գիտելիքները: Մենք պետք է չափման գործիք ունենանք, որպեսզի կարողանանք արձանագրել  խնդիրները եւ քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ»,- նշել է Լուսինե Առաքելյանը: