ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարի հետեւանքով երկու մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով CBS News-ը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ինքնաթիռն ընկել է օգոստոսի 24-ին Հանսոն քաղաքի Քրանլենդ օդանավակայանի մոտակայքում գտնվող լճակը: Այժմ Անվտանգության ազգային խորհուրդը պարզում է միջադեպի պատճառները:
Վթարի հետեւանքով տուժել են երկու եղբայրները: Հարազատների խոսքով՝ նրանք ցանկանում էին քամուն տալ միջադեպից երկու շաբաթ առաջ քաղցկեղից մահացած հոր աճյունը:
Երբ ոստիկանները եւ հրշեջները ժամանել էին դեպքի վայր, եղբայրները գտնվում էին ինքնաթիռի մեջ՝ դրա դեֆորմացման հետեւանքով արգելափակված վիճակում: Հաղորդվում է, որ տղամարդիկ լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել են: Տուժածների հարազատների խոսքով՝ նրանցից մեկն արդեն գիտակցության է եկել:





























