Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով, կա վարչապետի հանձնարարականը, իրենք ուսումնասիրություն են իրականացնում եւ աշնանը կանցնեն վարորդական իրավունքի վկայականի բալային համակարգի:

«Ուսումնասիրում ենք Վրաստանի փորձը, մի շարք զարգացած եվրոպական երկրների փորձը, որտեղ կիրառելով այդ բալային համակարգը կտրուկ, մեկ ամսվա կտրվածքով նվազել են պատահարները, առավել եւս մահվան դեպքով: Այս համակարգը զսպող դեր է խաղալու վարորդի համար:

Վարորդը գիտակցելու է, որ ոչ միայն տուգանք է լինելու խախտման համար, այլ դրան զուգահեռ սահմանված բալերը նվազելու են եւ երբ հասնի զրոյի, կասեցվելու է վարորդական իրավունքը: Տրվելու է ժամկետ, այնուհետեւ վերահանձնում: Այսինքն վարորդը գիտակցելու է, որ ինքը կորցնելու է վարորդական իրավունքը»,-հայտարարեց Օսիպյանը:

Նա ընդգծեց նաեւ, որ ուսումնասիրել են նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու հարցը. «Այս դեպքում եւս վիճակագրությունը լավը չէ եւ մենք անգամ քրեական պատասխանատվություն ենք նախատեսել: Առաջին անգամ կզրկենք, երկրորդի ժամանակ նույնպես, իսկ երրորդ անգամ քրեական պատասխանատվության պահն է վրա հասնելու»,-իր խոսքն ամփոփեց ՀՀ ոստիկանապետը: