ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցում են Շենքսվիլի (Փենսիլվանիա նահանգ) հուշահամալիր-այգում տեղի ունեցող արարողությանը։ Այստեղ շաբաթ օրը բացվել է 2001թ․ սեպտեմբերի 11-ի զոհերին նվիրված«Ձայների աշտարակ» նոր հուշարձանը․ տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Դիմելով արարողության մասնակիցներին՝ Թրամփը հիշեցրել է 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների ճանապարհը փակող հերոսների մասին։ Նա ընդգծել է, հրշեջների և ոստիկանների հերոսական աշխատանքը, ովքեր ահաբեկչության հետագա օրերին փնտրում էին տուժածներին, անհայտ կորածներին և վերացնում էին արհավիրքի հետևանքները։

Այգին կառուցվել է United Airlines-ի ինքնաթիռի կործանման տեղում։ Ինքնաթիռը կործանվել էր այն բանից հետո, երբ ուղևորները խլել էին դրա կառավարումը ահաբեկիչներից։

Ամերիկացիները հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին։ Ողբերգական իրադարձությունների 17-րդ տարեդարձի կապակցությամբ երկրում անցկացվում են հիշատակի արարողություններ և իրականացվում են կամավորական ծրագրեր։ Բացի այդ, բացվում է նոր հուշարձան՝ նվիրված ԱՄՆ-ի պատմության ամենաարյունալի ահաբեկչություններին։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պենտագոնում է, որտեղ անցկացվում են հատուկ արարողություններ՝ շենքի վրա ինքնաթիռի ընկնելու հետևանքով զոհվածների ընտանիքների համար։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ։ Այդ ողբերգական իրադարձությունները մինչ օրս իրենց ազդեցությունն են ունենում ամերիկյան քաղաքականության և առօրյա կյանքի տարբեր ոլորտների վրա՝ օդանավակայաններից մինչև գրասենյակներ։

Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների տեղում երեքշաբթի առավոտյան հավաքվել են զոհվածների հարազատները, փրկվածները և այլոք։

Սեպտեմբերի 11-ի տարելիցները արդեն դարձել են արարողակարգ՝ զոհվածների անունների ընթերցմամբ։ Սակայն ամեն տարի Գրաունդ-Զիրոյի հարթակին, որտեղ մի ժամանակ կանգնած էին երկվորյակ աշտարակները, զոհերի հարազատները ինչ-որ անձնական բան են բերում։

Արարողությունից հետո երկինք կուղղվի լույսի երկու ճառագայթ՝ ի հիշատակ զոհերի։