Ֆրանսիայում 73 տարեկանում քաղցկեղից մահացել է արքայադուստր Դիանայի նախկին սիրեցյալներից մեկը՝ հայտնի արթ-դիլեր Օլիվեր Հոարը, հայտնում է Daily Mail պարբերականը:

Հոարը Սորբոնում արվեստի պատմություն է ուսումնասիրել, 1967 թվականից սկսել է աշխատել Christie's աճուրդի տանը, իսկ ավելի ուշ դարձել է իսլամական արվեստի ականավոր մասնագետ: Հոարի եւ Դիանայի սիրավեպը սկսվել է 1990-ականների սկզբին, չնայած արթ-դիլերն ինքը դա երբեք հրապարակայնորեն չի ընդունել:

Պարբերականի տեղեկություններով՝ Դիանան սիրահարվել է Հոարին եւ մի անգամ նույնիսկ ընկերուհուն՝ լեդի Բոուքերին խոստովանել, որ երազում է Իտալիա մեկնել, որ այնտեղ «ապրի գեղեցիկ Հոարի հետ»: Տղամարդը, սակայն, երեք երեխաների հայր էր եւ չէր ցանկանում ընտանիքը լքել:

Երբ 1994 թվականին Հոարը փորձել է հարաբերությունները սառեցնել, Դիանան Չելսիում նրա տունը հեղեղել է հեռախոսազանգերով, հայտնում է պարբերականը: Կնոջ պնդմամբ՝ Հոարը հայտնել է ոստիկանությանը, իսկ այն գրանցել է 300 զանգ, որոնցից որոշները կատարվել են Քենսինգթոնի պալատում արքայադստեր անձնական հեռախոսագծից, իսկ մյուսները Քենսինգթոնի շրջանի ավտոմատ հեռախոսակետերից: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ Հոարի խնդրանքով քննությունը դադարեցվել է: