Չինաստանի Խունան նահանգի Խենյան քաղաքի հրապարակում ամենագնացը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Կա 3 զոհ և 43 վիրավոր՝ հայտնում է Paper լրագիրը։

Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19․40։ Վարորդը կալանավորված է, սակայն նրա արարքի դրդապատճառները դեռևս անհայտ են։

Չինական սոցցանցերում արդեն հայտնվել են դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ անշարժ պառկած գետնին, իսկ նրանց շուրջն ամբոխ է հավաքված։

Հայտնի է, որ մարդիկ հավաքված են եղել հրապարակում՝ զբոսնելու և պարելու համար, ինչպես ընդունված է չինական քաղաքներում, երբ 54-ամյա վարորդն իր կարմիր ամենագնացով մխրճվել է նրանց մեջ։ Հաղորդվում է նաև, որ վարորդը բազմիցս դատված է եղել։

Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ տղամարդն անբուժելի հիվանդ է քաղցկեղով և չարացած է մարդկանց վրա, ինչը կարող էր այդ արարքի պատճառ դառնալ։ Այս տեղեկություններն առայժմ պաշտոնապես հաստատված չեն։