ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է սիրային դետեկտիվների հեղինակ Նենսի Քրեմփթոնին Օրեգոն նահանգի Պորտլանդ քաղաքում իր ամուսնուն՝ Դեն Բրոֆիին սպանելու կասկածանքով։ The Washington Post թերթը հայտնում է, որ 68-ամյա գրողը երկու ստեղծագործություն է գրել «Ինչպես սպանել ամուսնուն» եւ «Սխալ ամուսինը» վերնագրերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա 63-ամյա ամուսինը՝ մասնագիտությամբ շեֆ խոհարար, սպանվել է հունիսի 2-ին Օրեգոնի խոհարարական ինստիտուտում դեռեւս չպարզված հանգամանքներում։ Նրա այրին իր ֆեյսբուքայն էջում ամուսնու սպանությունից հետո գրել է․ «Ֆեյսբուքյան իմ ընկերների ու հարազատների համար տխուր լուր ունեմ՝ իմ ամուսինն ու լավագույն ընկերը՝ Դեն Բրոֆին երեկ առավոտյան սպանվել է։ Ես շնարհակալություն եմ հայտնում աջակցության խոսքերի համար, բայց այժմ ես ամայացած եմ, խնդրում եմ, հետաձգեք ձեր հեռախոսազանգերը մի քանի օրով, քանի դեռ ուշքի չեմ եկել»։




























