Բյուրեղավան համայքի բնակիչներն այսօրվանից անժամկետ բողոքի ցույց են սկսել՝ փակելով «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։

Այս առնչությամբ ակցիայի մասնակիցները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է.

«Սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Առողջ Սունկ» ՍՊԸ Բյուրեղավան համայնքում տեղակայված կոմպոստի արտադրամասը հերթական անգամ արտանետումներ իրականացրեց։

Բնակիչների ահազանգերին ՀՀ Ոստիկանության եւ ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային ստորաբաժանումների կողմից չձեռնարկվեցին անմիջական միջոցներ պարզելու արդյոք տեղի ունեցել է արտանետման փաստ եւ հանդիսանում են տվյալ արտանետումները վտանգավոր բնակիչների կյանքի եւ առողջության համար, թե ոչ։

Տնտեսվարողի կողմից իրականացվող գործունեության արդյունքում առաջացող արտանետումների վերաբերյալ բազմիցս ահազանգվել է տեղական եւ հանրապետակյան կառավարման եւ լիազոր մարմիններին դեռ 2014 թվականից։

Ավելին, Կոտայքի մարզպետի որոշումով 2016 թվականին ստեղծված հանձնաժողովը կողմից արձանագրվել է, որ ձեռնարկությունը գործում է օրենսդրության կոպիտ խախտումներով եւ որ այն պետք է տեղափոխվի։

ՀՀ Վարչապետների, Կոտայքի մարզպետների, համայնքի ղեկավարների կողմից շարունակաբար նշվել է, որ տվյալ արտադրամասը պետք է տեղափոխվի, դադարեցնի գործունեությունը բնակելի վայրում, սակայն ցայսօր այն գործում եւ թունավորում է բնակիչների օդը։

Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո բնակիչները կրկին դիմեցին իշխանություններին՝ խնդիրը լուծելու նպատակով։ Տեղի են ունեցել հանդիպումներ մարզի իշխանությունների, բնակիչների եւ տնտեսվարողի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ, որոնք, սակայն, կրկին խախտվել են տնտեսվարողի կողմից։

Բնակիչների կողմից սույն թվականի սեպտեմբերի 14- ից Բյուրեղավան համայքի բնակիչները սկսում են անժամկետ բողոքի ցույց՝ փակելով Առողջ Սունկ ՍՊԸ Բյուրեղավանի արտադրամաս տանող ճանապարհը։

Պահանջները երկուսն են.

1. Անհապաղ ստորագրել բնակիչների եւ մարզպետարանի կողմից մշակված տարբերակը՝ առանց էական նշանակություն ունեցող փոփոխությունների։

2. Պետական լիազոր մարմիններին՝ 102 եւ 112 ծառայություններ կատարած ահազանգերի  գծով իրականացնել ստուգումներ՝ հստակեցնելու քաղաքացիների ահազանգով իրականացրած գործողությունների օրինականությունը, ներգրավված լիազոր անձանց կողմից ներկայացված պատասխանների օրինաչափությունը եւ համապատասխանելիությունը՝ քաղաքացիների ահազանգին»:

«Առողջ սունկ»-ը գարշահոտությամբ մեզ թունավորում է. բնակիչներն ահազանգում են, նախարարությունը՝ ստուգում