ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը իրանական բարձրագույն հոգեւորականության ներկայացուցիչներին նախազգուշացրել է «լուրջ հետեւանքների» մասին, եթե նրանք դիպչեն ԱՄՆ, նրա դաշնակիցների կամ գործընկերների շահերին: Նա այս մասին հայտարարել է ՄԱԿ «Միասին ընդդեմ միջուկային Իրանի» գագաթնաժողովում ելույթ ունենալիս: Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մահաբեր ռեժիմն ու իր կողմնակիցները կարող են թանկ վճարել, եթե իրենց պահվածքը չփոխեն… Մենք ուշադիր հետեւում ենք եւ կպատասխանենք նրանցից յուրաքանչյուրին»,- հայտարարել է Բոլթոնը:
Բոլթոնը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է լուրջ ընդունել Իրանի համար վճարումների հատուկ ծրագրի ներդրման ԵՄ նախաձեռնությունը, որպեսզի շրջանցեն իրանական նավթի վաճառքի դեմ ուղղված ԱՄՆ պատժամիջոցները: Նա SWIFT գլոբալ վճարային համակարգին կոչ է արել վերանայել Թեհրանի հետ իր հարաբերությունը:
ՄԱԿ ԳՎ արտապլանային միջոցառումը գումարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ: Նա «ռեժիմի մեկուսացման» կոչ էր արել, «քանի դեռ շարունակվում է ագրեսիան (Թեհրանի կողմից): Թրամփը իրանցի առաջնորդներին մեղադրել էր տարածաշրջանում «քաոս, մահ եւ ավերածություն» սերմանելու համար:




























