Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա (Թրամփը), կարծես, ասել է, որ եթե դա կօգնի Վենեսուելային, ապա ինքը պատրաստ է (հանդիպմանը): Ես այս ամբիոնից հաստատում եմ՝ չնայած գաղափարախոսական, սոցիալական, պատմական տարբերությանը, ես՝ ավտոբուսի վարորդս, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո Մորոսս պատրաստ եմ սեղմել նրա ձեռքը, նստել բանակցությունների սեղանին, որպեսզի խոսենք երկկողմ գործերի եւ մեր տարածաշրջանի թեմաների մասին»,- ասել է Մադուրոն ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթում:
Ավելի վաղ Թրամփը Վենեսուելայի իրավիճակի մասին խոսելիս այն «խայտառակ» էր անվանել եւ նշել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է դրա հետ կապված գործողությունների «ցանկացած տարբերակի»: Թրամփը հստակեցրել էր, որ դիտարկում է «ինչպես ուժեղ, այնպես էլ պակաս ուժեղ տարբերակներ»: Երեքշաբթի Թրամփը ՄԱԿ ամբիոնից Մադուրոյին խիստ քննադատության էր ենթարկել Վենեսուելայում ծանր տնտեսական եւ քաղաքական իրավիճակի համար:




























