Շոտլանդիայի Սենտ Էնդրյուսի համալսարանի պատմության ֆակուլտետի իրանագիտության ինստիտուտի տնօրեն Թիմ Գրինվուդը Apollo միջազգային արվեստի ամսագրում գրել է հայկական արվեստի, Հայաստանի և հայ ժողովրդի մասին: 

Նրա խոսքով` մինչև արդի ժամանակները հայ լինելը բազմաթիվ նշանակություններ ու իմաստներ ուներ` չնայած ավանդույթների միջոցով դրա միանշանակությունը պահպանելու փորձերին, որոնց թվում էին Հայկ Նահապետից սերելու հավատը, առաջին քրիստոնյա ազգ լինելը և այլն: Սակայն իրականում, ըստ հեղինակի, հայ ինքնությունն անընդհատ զարգանում և փոփոխության էր ենթարկվում:

Հոդվածում ներկայացվում են հայկական արքայատոհմերի հակիրճ պատկերը, դրանց կառավարման տարեթվերը և պետության զբաղեցրած տարածաշրջանը: Հեղինակի կարծիքով` բարդ է հայ ինքնությունը կամ հայկականությունը բնորոշել քաղաքական տեսանկյունից, ուստիև նպատակահարմար է գտնում Հայաստանը բացահայտել մշակութային և հասարակական տեսանկյուններից` անդրադառնալով այն տարածքներին ու շրջաններին, որտեղ հայ ինքնությամբ անձինք են ապրել և ստեղծագործել:

Գրինվուդը գրում է, որ ԱՄՆ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Հայաստան» ցուցահանդեսը նվիրված է հայկական արվեստի և մշակույթի հարստությունն ու բազմազանությունը և դրանցով արտահայտվող ինքնությունը ներկայացնելուն: Նրա խոսքով` ցուցահանդեսում ներկայացված ձեռագրերը, կտորները, խաչքարերը, քարե, փայտե փորագրությունները, զարդերն ու այլ իրեր մեծապես ներկայացնում են քրիստոնեական աշխարհը` ցույց տալով, որ հայկական արվեստի ավանդույթները կապված էին քրիստոնեական հավատի, պաշտամունքի և ներկայացման հետ:

Հեղինակը գրում է, որ այդ ամենը պահպանվել է հատուկ պայմաններում` պատրիարքարանի գանձարանում, մենաստանների գրադարաններում և առանձին եկեղեցիներում: Իսկ հայկական աշխարհիկ արվեստի ավանդույթների մասին վկայող քիչ բան է պահպանվել, սակայն մի շարք ապացույցներ կան դրա գոյության մասին: Գրինվուդն անդրադառնում է Անանիա Շիրակացուն, 10-րդ դարի հայկական տեքստիլին, գորգերին, հայ առևտրականներին և այլ նշանավոր հայերի ու հայկական մշակույթի գործերի:

Հայկական արվեստի ուսումնասիրությունը ի՞նչ կարող է տալ հայկական ինքնության և ավանդույթի բացահայտմանը: Այս հարցին Գրինվուդը պատասխանում է` ասելով, որ չնայած իր մեծամասամբ քրիստոնեական բնույթին` մեզ հասած տեղեկության խորն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայ արվեստագետներն իրենց աշխատանքներում արտացոլել են և՛ սեփական, և՛ տվյալ ժամանակի հայացքները` համատեղելով անցյալն ու ներկան:

Գրինվուդը գրում է, որ Մետրոպոլիտեն թանգարանի ցուցահանդեսը ցույց է տալիս, որ հայկական արվեստը կարելի է դիտարկել համաշխարհային համատեքստում: Կիլիկյան Հայաստանից մնացած ձեռագրերը վկայում են, որ հայկական ավանդույթները փոխազդել են թե՛ բյուզանդական, թե՛ արևմտյան արվեստի ավանդույթների հետ: Ցուցահանդեսի հայկական արվեստի գործերը, ըստ հեղինակի, արտացոլում են ժամանակի տարածաշրջանային կայսերական իշխանությունների` Հռոմեական, Պարսից, Բյուզանդական, Սելջուկ, Իսլամական, Լատինական, Մոնղոլական, Օսմանյան և Սեֆյան կայսրությունների քաղաքական վերնախավի հետ փոխազդեցության երկարակյաց ավանդույթների մասին:

Գրինվուդը վերջում խոսում է 1666 թվականին Ամստերդամում հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրության մասին, որը հաճախ դիտվում է որպես մինչարդիական շրջանից վաղ արդիական մշակույթի անցում: Մինչդեռ հայերը շարունակել են Աստվածաշնչի ձեռագիր օրինակները տարածել 17-րդ և 18-րդ դարերում, ինչն էլ, հեղինակի կարծիքով, շատ բան է պատմում հայ ինքնության և հայկական անցյալի հետ սերտ կապի մասին:

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Armenia!» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2019 թվականի հունվարի 13: