ԱՄՆ Կոլորադոյի Սենթենիալ համայնքում սեպտեմբերի 29-ին բացվեց Սարդարապատ հայկական մայրուղու (Sardarapat Armenian Memorial Highway) ցուցանակի բացումը:

Բացմանը ներկա էին մի քանի տասնյակ պաշտոնյաներ, ամերիկահայ առաջնորդներ եւ համայնքային ակտիվիստներ: Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» թերթը:

2018 թվականի ապրիլին Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը եւ նահանգային սենատը միաձայն ընդունել են որոշումը, ըստ որի մայրուղիներից մեկի մի հատվածը պետք է վերանվանվի Սարդարապատի հերոսամարտի պատվին, որով ճանապարհ է բացվել անկախ Հայաստանի Հանրապետության:

Որոշումն ընդունվելուց հետո ցուցանակների պատրաստումը ֆինանսավորել է Կոլորադոյի ամենահին ամերիկահայ կազմակերպությունը` Կոլորադոյի հայերը (AOC):

Բացման արարողության սկզբում բացման աղոթք է հնչեցրել Լաս Վեգասի Սուրբ Կարապետ եկեղեցու սրբազան հայր Արսեն Քասսաբյանը, ապա ելույթով է հանդես եկել կոգրեսական Մայք Քոֆմանը, սենատոր Դոմինիկ Մորենոն, նահանգի ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Քոուլ Ուիստը, Սենթենիալ համայնքի խորհրդի անդամ Մայք Սուդերլանդը, Ամերիկայի հայ դատի արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը եւ Կոլորադոյի հայեր կազմակերպության խորհրդի նախագահ Սոնա Հեդեշյանը: Միջոցառման ավարտին երգվել է Սարդարապատի երգը:

Ներկայացուցիչների պալատից Քոուլ Ուիստն իր ելույթում ասել է, որ Սարդարապատի հերոսամարտն անհավանական պայքար էր, որով ճամփա հարթվեց Հայաստանի Հանրապետության ստեղծման համար:

«Սա համընդհանուր ոգեշնչման աղբյուր է մարդու իրավունքների համար: Այն բոլորին հիշեցնում է մարդկային պայքարի եւ ոգու ուժի մասին, երբ նայում ենք իրար եւ դրանով իսկ ուժեղանում», - ասել է Ուիստը:

Նա նաեւ խոսել է իր կնոջ մասին, ում ընտանիքի անդամները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ:

Կոնգրեսական Մայք Քոֆմանը հույս է հայտնել, որ ցուցանակը մարդկանց մեջ հետաքրքրություն կառաջացնի Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ: