Հնարավոր է՝ Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 2100 թվականին բարձրանա 2,4 մետրով եւ 15 մետրով՝ 2300 թվականին, եթե մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումները մնան նույն կայուն բարձր մակարդակում: Այս մասին նշված է Ռուտգերսի համալսարանի կլիմայագետների հետազոտության մեջ, հայտնում է EurekAlert!-ը:

Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճը սպառնում է կղզի պետություններին եւ ափամերձ տարածքներին: Գիտնականների տվյալներով՝ հիմա վտանգի գոտում է գտնվում աշխարհում բնակվող 7,6 մլրդ մարդկանցից 11 տոկոսը: Նրանք բնակվում են ծովի մակարդակից 10 մետրից պակաս բարձրության վրա:

Հետազոտողները կլիմայական մոդել են պատրաստել Ատլանտիկ Սիթիում, Նյու Ջերսիում եւ Սինգապուրում Համաշխարհային օվկիանոսի մակարդակի աճի վրա ջերմոցային գազերի արտանետումների ծավալի ազդեցության դիտարկումների հիման վրա: Եթե առաջիկայում ջերմոցային գազերի արտանետումների ծավալը չկրճատվի, բեւեռներում սառույցների հալոցքը կհանգեցնի ջրհեղեղների եւ քաղաքների ջրածածկման, զգուշացնում են գիտնականները: