Աշխարհում հոկտեմբերի 10-ը հայտնի է որպես Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն հիմնվել է 2003 թվականին՝ Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիայի նախաձեռնությամբ, աշխարհում մահապատիժների թիվը կրճատելու նպատակով, եւ այդ ժամանակից ի վեր նշվում է ամեն տարի:

Մահապատժի արգելքի համաշխարհային կոալիցիան (World Coalition Against the Death Penalty) ստեղծվել է 2002 թվականին Հռոմում: Այսօր Կոալիցիայի մեջ են մտնում 150 ազգային եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ «Amnesty International»-ը, հասարակական կազմակերպություններ, փաստաբանների ասոցիացիաներ, պրոֆմիություններ, տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմիններ: Կոալիցիայի գլոբալ նպատակն է բոլոր երկրներում մահապատիժների եւ դրանց իրագործման չեղարկումը, որտեղ բարձրագույն պատժաչափն օրինական է: