«Մայքլ» փոթորիկը Մեքսիկական ծոցում սաստկացել է մինչեւ 4-րդ աստիճան եւ շարժվում է ԱՄՆ-ի ափերի մոտ, հայտնել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը (National Hurricane Center, NHC),

Ներկայումս փոթորիկը Ապալաչիկոլա քաղաքից 275 կմ դեպի հարավ-արեւմուտք է գտնվում եւ 19կմ/ժ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս:

Այժմ քամու առավելագույն արագությունը ժամում 209 կիլոմետր է: Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են փոթորիկների, հորդառատ անձրեւների եւ հնարավոր ջրհեղեղի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Արեւադարձային փոթորկին անուն է տրվում այն ժամանակ, երբ նրան ուղեկցող  քամու արագությունը հասնում է 62 կմ /ժ: Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով փոթորիկն առաջին աստիճանի հասնում է, երբ քամու արագությունը գերազանցում է  120 կմ/ժ-ն:

Եթե քամու արագությունը գերազանցի 150 կմ/ժ, ապա փոթորիկի աստիճանը կբարձրանա մինչեւ երկրորդ, 180-ի դեպքում՝ երրորդ, 210-ի` չորրորդ աստիճան: Հինգերորդ՝ «ամենավտանգավոր» կատեգորիան, տրվում է, երբ  քամու արագությունը ավելի քան  250 կմ /ժ է: