Եգիպտոսի գլխավոր դատախազ Նաբիլ Սադեկը կարգադրել է գրավով ազատել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կրտսեր որդի Աբդալլահին, ում ձերբակալել էին չորեքշաբթի, հայտնում է «Ալ Ահրամ» պորտալը:
Գրավի գումարը կազմել է 5 հազար եգիպտական ֆունտ (մոտ ԱՄՆ 280 դոլար):
Չորեքշաբթի Եգիպտոսի անվտանգության ուժերը Կահիրեի իր տանը ձերբակալել էին երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի որդուն՝ Աբդալլահին: Նրան մեղադրում էին «կեղծ նորություններ եւ տեղեկություններ տարածելու մեջ»:
Անցած շաբաթ Մուրսիի կրտսեր որդին ամերիկյան AP լրատվական գործակալությանը մեծ հարցազրույց էր տվել: Հարցազրույցի ժամանակ Աբդալլահ Մուրսին պատմել էր եգիպտական բանտում հոր պահելու պայմանների մասին:
Անցած տարվա հոկտեմբերին Եգիպտոսի նախկին նախագահի մյուս որդուն՝ Օսամին, ձերբակալել էին էշ Շարքիա նահանգում: Այնուհետեւ նրան 3 տարվա բանտարկության էին դատապարտել զենք պահելու մեղադրանքով:




























