ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 23-ին հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի առաջնահերթություններն ու ռազմավարությունը, 2018-2019 թվականների ծրագրերը։
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Գեղամ Գեւորգյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ դրա ընդլայնման անհրաժեշտությունը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է գյուղատնտեսության քաղաքականության մատրիցան, որը հենք կհանդիսանա երկարաժամկետ ռազմավարության համար։ Գեղամ Գեւորգյանը շեշտել է, որ այն խարսխված է լինելու նաեւ մինչեւ այժմ իրականացված ծրագրերի եւ մարտահրավերների վրա եւ նպատակաուղղված է լինելու իրապես արդյունավետ, նոր տեխնոլոգիաներով հագեցած, գիտելիքահեն գյուղատնտեսության զարգացմանը։
«ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունն այդ քաղաքականության մեջ իր ուրույն տեղն ունի եւ կարծում եմ՝ կունենանք համագործակցության լայն շրջանակ՝ համատեղ իրականացնելու այն ծրագրերն ու ուղենիշները, որոնք սահմանել ենք»,- նշել է Գեղամ Գեւորգյանը։
Դմիտրի Գվինդաձեն իր հերթին կարեւորել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ոլորտի դերը Հայաստանի տնտեսության համար։
ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը ներկայացրել է բանկի ընթացիկ վարկային պորտֆելը, համագործակցության հիմնական ուղղությունները, կիրառվող ֆինանսավորման գործիքները եւ նախատեսվող ծրագրերի շրջանակը՝ շեշտադրելով առկա ներուժի առավել արդյունավետ իրացման հնարավորությունը՝ մասնավորապես մասնավոր ներդրումնային ծրագրերի ֆինանսավորման միջոցով։
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ օտարերկրյա ներդրումների ներգրավման, փոքր ու միջին ագրոբիզնեսների զարգացման, պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերի իրականացման, մրցակցության խթանման, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։



























