Երեքշաբթի Հունաստանում դատարանը որոշում է ընդունել կոռուպցիայի եւ փողերի լվացման մեջ մեղադրվող երկրի պաշտպանության նախկին նախարար Յանոս Պապանտոնիուին եւ նրա կնոջը՝ Ստավրուլա Կուրակուին կալանավորելու մասին, հայտնում է «Sputnik Հունաստանը»:
Դատական երկարատեւ քննությունից հետո դատախազը եւ դատավորները միաձայն հանգել են այն կարծիքին, որ ամուսինները կարող են կալանավորվել. Պապանտոնիուն՝ 2003 թվականին իր պարտականությունները կատարելու համար որպես նվեր 2,8 մլն շվեյցարական ֆրանկ տանալու մեղադրանքով, իսկ Կուրակուն՝ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման: Պապանտոնիուն հայտարարել է, որ ոչ մի փող չի ստացել:
Պապանտոնիուն Համահունական սոցիալիստական շարժում կուսակցության նախկին անդամ է, 1994 թվականին եղել է ազգային էկոնոմիկայի նախարարը, 1996-ից 2001-ի հոկտեմբեր՝ ազգային էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարը, 2001 թվականի հոկտեմբերից մինչեւ 2004-ի մարտ՝ ազգային պաշտպանության նախարարը:
Նախկին նախարարին մեղադրում են 15 տարի առաջ՝ 2003 թվականի փետրվարին, Հունաստանի Ռազմածովային ուժերի S տիպի վեց ֆրեգատների արդիականացման պայմանագիրը կնքելիս խախտումների մեջ, ըստ պայմանագրի՝ ենթակապալառուն էր THALES NEDER LAND B.V ընկերությունը:
Պապանտոնիուն հայտարարել է, որ եթե ինքն այդ պայմանագիրը չստորագրեր, պետության վնասը կկազմեր 3 մլրդ եվրո, որը պետք է ծախսել նոր նավերի կառուցման համար: Նա կաշառք ստանալու մեղադրանքն ապացուցված չի համարում:
Դատական նիստից հետո ձեռնաշղթաներով Պապանտոնիուին եւ նրա կնոջը տարել են Ատտիկայի ոստիկանության վարչություն, չորեքշաբթի դատախազը կորոշի, թե նրանց որ բանտ կտեղափոխեն:




























