Գազի համակարգում սակագինը 5 դրամով նվազեցնելու համար պետք է 17 մլրդ դրամ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ թե ՀԷՑ-ի եւ «Գազպրոմ Արմենիայի» հետ ունեն պայմանավորվածություն, որ կներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը:
Մելքումյանը նշեց, որ կարեւոր է ուսումնասիրել նաեւ այդ երկու ընկերությունների կողմից իրականացվող ծառայությունների մատուցման որակը եւ իրավապայմանագրային հարաբերությունները. «Նաեւ պետք է ամբողջությամբ վեր հանենք էլեկտրաէներգետիկ համակարգի եւ գազի համակարգի ծախսերի ամբողջ շղթան, այդ թվում շահույթի մասով»:
Անդրադառնալով կոնկրետ գազի ոլորտում առկա իրավիճակին, Մելքումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով, այն պայմանագիրը, որ կնքվել է Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ եւ վավերացվել է ԱԺ-ի կողմից 2013-ի վերջին, ցավոք լավատեսություն չի ներշնչում:
«Այդ համաձայնագրում ներառված է 9 տոկոս ներքին եկամտաբերության նորմի պահանջը: Պահանջ կա, որ մինչեւ այս տարվա վերջ կնքվի մոդելային պայմանագիր, դա ապահովելու համար: Դա նշանակում է, որ «Գազպրոմ Արմենիան» իր կողմից կատարված 700 մլն դոլարի ներդրումների ծավալը (դրա մեջ մտնում է Հրազդանի 5-րդ բլոկը ձեռք բերելու, այնտեղ ներդրումներ կատարելու եւ Իրան-Հայաստանի գազատարի 130 կմ հատվածի շինարարության ծախսերը-խմբ) հանգեցնելու է սակագնի փոփոխության:
Սա նշանակում է, որ երբ որ հունվարի 1-ից նոր պայմաններ են առաջ գալու, այդ թվում սահմանին գազի գնի հետ կապված, ՀՀ կառավարությունը պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձեւակերպի, որ դա չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման»,-ասաց նա:
Երկրորդ խնդիրը Միքայել Մելքումյանի խոսքով այն է, որ ցավոք, տարբեր համաձայնագրերով արձանագրված է, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը պետք է պահպանվի, որը 10 տոկոս է. «Դուք գիտեք, որ ՀՀ սահմանին հազար խմ գազի գինը 189 դոլարից իջավ 24 դոլարով եւ դարձավ 165 դոլար, ինչը մոտ 9,6 մլրդ դրամ էր։ Չնայած իջավ գինը, սակայն 9,6 մլրդ դրամը թողնվեց «Գազպրոմ Արմենիային»: Այսինքն դա սակագնի իջեցման հիմք չէր։ Սա թույլ չի տվել, որ մենք այդ իջեցումից օգուտներ քաղենք։ Իսկ երբ 165 դոլարից իջավ 150 դոլարի, դա թույլ տվեց, որ մենք գինը իջեցնենք: Մենք ունեցել ենք գնի երկու իջեցում. Նախ 1 խմ գազի 156 դրամ սակագինը իջել է 146 դրամի, հետո իջել է 139 դրամի: Այդ երկրորդ իջեցումը հետեւանք է 165 դոլարը 150 դոլարի իջեցնելու։ Եվ վերջին իջեցումը, որ արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք է եղել բանակցությունների արդյունքում, 150 դոլարը իջել է 135 դոլարի, բայց ըստ էության, այդ իջեցումը թույլ չի տվել, որ մենք սակագին իջեցնենք, որովհետեւ դրա հետ կապված նորից թողել են «Գազպրոմ Արմենիային»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կնքված պայմանագրերում կա նաեւ կարգավորում, որ եթե անգամ կորուստների տոկոսը իջեցնես զրոյի, դա սակագնի վրա չի ազդում, ինչն անընդունելի է։ Մելքումյանը նշեց, որ նախկին հանձնաժաողովի ում կորուստների տոկոսը 5,37 էր, հիմա 6,69 տոկոս է, ինչը շատ զարմանալի է: Մելքումյանը կոչ արեց այս խնդիրների վրա ուշադրություն դարձնել հետագա աշխատանքների ժամանակ:




























