ՀՀ-ի կողմից դեպի Սիրիա հումանիտար առաքելության գործուղման հարցում «ՊՆ մասնագետների հումանիտար գործուղում» ձեւակերպումը խնդրահարույց է եւ կարող է սխալ ընկալվել ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Արա Պապյանը։
«Կարելի էր արտակարգ իրավիճակների նախարարությունից մասնագետների ուղարկել, որպեսզի խնդիր չլիներ: Եթե ԱԻՆ-ում սակրավորներ չկային, թող ՊՆ–ից ժամանակավոր գործուղվեին ԱԻՆ»,–նշեց Պապյանը:
Քաղաքագետը կարծում է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետեւելու է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությանը: «Մեր երկիրը հանդես է գալու սեփական դրոշի ներքո, իսկ սեփական դրոշով հանդես են գալիս Ռուսաստանն ու Իրանը: Հիշենք, թե իրենց հանդեպ ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվում ԱՄՆ-ի կողմից»,–եզրափակեց Պապյանը:
Քաղաքագետը համոզված է՝ Հայաստանը եթե հանդես չեկավ Սիրիայի հարցում բանակցային հարթակ դառնալու նախաձեռնությամբ, ապա գոնե պետք է փորձի բանակցային հարթակ դառնալ ԱՄՆ-Իրան կամ ԱՄՆ-ՌԴ բանակցային գործընթացի համար. «Մեզ համար կարեւոր է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածությունը մի փոքր թուլանա։ Հիմա Հայաստանն այն երկրների թվում է ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին, որ զորախումբ է ուղարկել Սիրիա, բայց Աստանայի գործընթացում մենք չկայինք։ Միգուցե պետք է ավելի շուտ նախաձեռնեինք, ոչ թե լիներ Աստանայի գործընթաց, այլ Երեւանի գործընթաց լիներ եւ մենք էլ դերակատարություն ունենայինք»,–նշեց նա՝ շեշտելով, որ Հայաստանը պետք է պաշտոնական առաջարկով հանդես գա։
Քաղաքագետը նշեց՝ այն, որ Հայաստանը փոքր երկիր է, կարող է առավելություն դիտարկվել, քանի որ բացի անկողմանակալությունը նա նաեւ սեփական ազդեցության լծակներ չունի. «Իրանը բացի այդ Հայաստանի սահմանակից երկիրն է եւ հարեւան միակ քրիստոնյա երկիրն է, եւ Արեւմուտքի միակ մասնիկն է Իրանի սահմանի վրա, Իրանում էլ հայ համայնքի նկատմամբ կա բացարձակ դրական վերաբերմունք։ Իրանը փորձում է ցույց տալ, որ լինելով կրոնապետություն ինքը քրիստոնեկութհա հետ խնդիրներ չունի, այսինքն Հայաստանը եւ հայերը օգտագործվում են՝ որպես ցուցանմուշներ»։




























