Ինդոնեզիական Lion Air ավիաընկերության՝ երկուշաբթի աղետի ենթարկված օդանավի հրամանատարը Ջակարտայի օդանավակայանում օդ բարձրանալուց անմիջապես հետո արտահերթ վայրէջք է խնդրել: Այս մասին հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սինդու Ռախայուն:

Նրա խոսքով՝ «անձնակազմը խնդրել է օդանավակայան վերադառնալ, որից հետո կապն ընդհատվել է, իսկ օդանավը ռադարներից անհետացել է»:

Փրկարարներն արդեն հայտնաբերել են օդանավի աղետի վայրը, դրա բեկորները, ուղեւորների անձնական իրերը, հայտնել են  Որոնողա-փրկարարական գործակալության ներկայացուցիչները: Վերջին տեղեկություններով՝ օդանավում եղել է 188 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները:

Boeing 737 MAX 8 օդանավը կործանվել է Ջակարտայի օդանավակայանում օդ բարձրանալուց հետո 13 րոպե անց: Օդանավը կատարում էր JT610 չվերթը դեպի Պանկալպինանգ քաղաք (Բանգկա-Բելիտունգ նահանգի վարչական կենտրոնը):

Lion Air ավիաընկերությունը Ինդոնեզիայի խոշորագույն բյուջետային ավիափոխադրողն է, ընդ որում՝ ավիաընկերությունների անվտանգության միջազգային վարկանիշներում այն սովորաբար զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: