Մեքսիկայի Անթրոպոլոգիայի եւ պատմության ազգային ինստիտուտի հնագետները Ազգային ինքնավար համալսարանաի գեոֆիզիկայի ինստիտուտի մասնագետների հետ Տեոտիուականում Լուսնի բուրգի տակ ստորգետնյա թունել են գտել, որը կարող էր օգտագործվել հուղարկավորության ծիսակարգերի համար՝ տեղեկացնում է Mexico News Daily-ն։

1980թ․ նախորդ պեղումների ժամանակ հետազոտողները դեֆորմացված գանգերով մարդու կմախքներ էին գտել, ինչպես նաեւ՝ կանաչ քարից տարբեր արտեֆակտներ, ինչը թույլ էր տվել գիտնականներին ենթադրել, որ նման մարմիններ կան նաեւ բուրգի տակ։

Էլեկտրատոմոգրաֆիայի միջոցով նկարելով բուրգը՝ հնագետները 8 մետր խորությամբ հայտնաբերել են ստորգետնյա սենյակ տանող 15 մետր երկարությամբ թունել։

Գիտնականներին դեռեւս պարզ չէ, թե ինչ կա այնտեղ, սակայն լաբիրինթոսների եւ նախորդ գտածոների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, որ այդ տարածքը խորհրդանշական նշանակություն ունի։ Հետազոտողների կարծիքով՝ բուրգի տակ «հանդերձյալ աշխարհն» է՝ այնպիսին, ինչպիսին այն պատկերացրել են Մեզոամերիկայի բնակիչները։

Լուսնի բուրգը կառուցել են մեր թվարկության 200 եւ 450 թվականների միջեւ։ Կառույցի աստիճանը տանում է Մեռյալների ճանապարհ, որի բարձունքում հարթակ է՝ Լուսնի աստվածուհու պատվին ծիսական արարողությունների համար, եւ ացտեկների «Չալչիուտլիկուե» առասպելների ջրերը։