ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տա Կենտրոնական Ամերիկայի երկրներից ԱՄՆ հարավային սահմաններին մոտեցող միգրանտներին՝ այսպես կոչված «քարավանի» կազմում մուտք գործել երկիր։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին երկուշաբթի տված հարցազրույցում։
«Նրանք իրենց ժամանակն են ծախսում, նրանք մուտք չեն գործի երկիր»,–ասել է Թրամփը։ Նա հիշեցրել է, որ զինծառայողներ է ուղարկում Մեքսիկայի սահմանին, ոչ թե ԱՄՆ ազգային գվարդիայի մարտիկների, ինչպես դա արել են նախորդ վարչակազմերը։
Թրամփը նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են երկիր մուտք գործել փորձող անօրինական միգրանտներին, որից հետո բաց են թողել, սակայն դա այլեւս չի կրկնվի։ Նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ սահմաններ ուղղվող միգրանտների թվում կան հանցագործներ՝ համեմատելով տեղի ունեցեողը Միացյալ Նահանգներ «ներխուժման» հետ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Թրամփի խոսքով՝ այն անօրինական միգրանտները, որոնք ապաստարան տրամադրելու հայց կներկայացնեն, ազատ չեն արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանց գործը չի քննել իմիգրացիոն դատարանը։




























