Սուրբ գահի մամուլի ծառայությունը երեքշաբթի ուշ երեկոյան հայտնել է, որ Իտալիայում առաքելական նունցիատուրայում (Վատիկանի դեսպանատուն) վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են «մարդկային ոսկորների կտորներ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անմիջապես նունցիատուրա են ժամանել վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցները, որոնք գտածի մասին տեղեկացրել են Սուրբ գահի ներկայացուցիչներին, այնուհետեւ Իտալիայի պաշտոնական իշխանություններին:
Վատիկանի մամուլի ծառայությունը ընդգծել է, որ ժանդարմները գործել են իտալական իրավասու մարմինների հետ «այս գործով պատշաճ քննություն անցկացնելու եւ անհրաժեշտ համագործակցության» նպատակների շրջանակում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հռոմի գլխավոր դատախազ Ջուզեպե Պինյատոնեն մասունքների հայտնաբերման վայր է ուղարկել քրեական ոստիկանության աշխատակիցների եւ քրեագիտական փորձագետների՝ «պարզելու (մահացած մարդու) տարիքը, սեռը եւ մահվան ժամանակը»:
Իտալական լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ քննիչները մտադիր են պարզել՝ հայտնաբերված մասունքներն արդյոք չեն պատկանում 2 անչափահաս աղջիկներից մեկին, որոնք 1983 թվականին խորհրդավոր հանգամանքներում անհետացել էին Հռոմում:
Մայրաքաղաքի բարերից մեկի սեփականատերերի 15-ամյա դուստր Միրելա Գրեգորին 1983 թվականի մայիսի 7-ին հանդիպման էր գնացել ինչ-որ ծանոթի հետ եւ անհետ կորել: Պապական տան Պրեֆեկտուրայի ծառայողներից մեկի աղջիկը նույնպես 15 տարեկան էր, երբ անհետ կորել էր: Աղջիկը, որը Վատիկանի հպատակ էր, 1983 թվականի հունիսի 22-ին զանգել էր իր քույրերից մեկին եւ հաղորդել, որ անսպասելի շահավետ առաջարկ է ստացել կոսմետիկայի գովազդում: Դրանից հետո էմանուելայի մասին որեւէ տեղեկություն չի ստացվել:
Որոշ ժամանակ քննիչները փոխկապված էին համարում երկու դեռահասների անհետացման փաստերը, սակայն հետագայում նրանք հրաժարվեցին այդ վարկածից եւ այդ դեպքերից յուրաքանչյուրի հետաքննությունը առանձին-առանձին էր կատարվում:
«Օռլանդիի գործը» մեծ հասարակական հնչեղություն էր առաջացրել եւ դարձել ժամանակակից Վատիկանի հետ կապված ամենախորհրդավոր պատմություններից մեկը: Այս գործի հետաքննությանը մասնակցել են ոչ միայն Իտալիայի իրավապահ մարմինները, այլեւ տարբեր հատուկ ծառայություններ, այդ թվում՝ օտարերկրյա: Վարկած կար, որ Օռլանդիի առեւանգումը կապված էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի մահափորձի հետ, որը 1981 թվականի մայիսի 13-ին կատարել էր թուրք ահաբեկիչ Մեհմետ Ալի Աղջան:



























