Հյուսիսային Կորեայում պաշտոնատար անձինք պարբերաբար կանանց նկատմամբ սեքսուալ բռնություն են կիրառում եւ անպատիժ մնում, իսկ իշխանությունները հերքում են անգամ նման խնդրի գոյությունը: Այս մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, գրում է Lenta-ն:

Կազմակերպությունը հարցաքննել է 54 մարդու, որոնք 2011 թվականից հետո փախել են երկրից, ինչպես նաեւ 8 նախկին պաշտոնյայի: Մանր առեւտրով զբաղվող կանայք հայտնել են, որ անընդհատ բռնության են ենթարկվել. նրանք անխուսափելիորեն իշխանությունների կողմից չարաշահման հետ են բախվել: Կանայք ստիպված են եղել ենթարկվել պետական տեսուչների, պահակների եւ ոստիկանների կամայականություններին:

«Շուկայում պահակները կամ ոստիկաններն երբ որ ցանկություն ունեին, ինձ առաջարկում էին իրենց հետ շուկայի մոտակայքում ինչ-որ դատարկ տարածք կամ այլ վայր գնալ, որտեղ որ իրենց հարմար լիներ, —HRW-ը մեջբերում է Օ Չոն Խիի խոսքը, որը 2014-ին փախել է երկրից,- մենք նրանց համար կարծես խաղալիք լինեինք»:

Human Rights Watch-ի տեղեկություններով, ԿԺԴՀ-ում բռնի սեռական կապերը եւ սեքսուալ բռնությունը սովորական երեւույթ են եւ կյանքի նորմա են համարվում: Զեկույցում նշվում է, որ հյուսիսկորեացի կանայք հակառակորդին դիմադրելու գրեթե ոչ մի հնարավորություն չունեն: Հարցված կանայք նշել են, որ պետական ծառայության բոլոր մակարդակներում տղամարդիկ չարաշահում են իրենց լիազորությունները եւ անպատիժ մնում, իսկ բռնության զոհերը ստորացվում են եւ որպես կանոն կատարվածի կապակցությամբ ոչ մի տեղ չեն դիմում:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունները չեն ընդունում սեքսիզմի եւ սեռական բռնության խնդրի գոյությունը եւ ոչ մի ջանք չեն գործադրում կանանց պաշտպանելու եւ զոհերին օգնելու համար:

«ԿԺԴՀ-ում սեռական բռնությունը Պոլիշինելի գաղտնիք է, որի դեմ ոչ ոք չի պայքարում եւ որը շատերին ձեռնտու է», — ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոտը:

Զեկույցի հեղինակների կարծիքով, իրավիճակի պատճառների թվում գենդերային անհավասարությունն է, որն արմատացած է ավանդույթներում,  սեռական հարաբերությունների եւ սեռական բռնության հարցերում անտեղյակությունը եւ զոհերի սոցիալական եւ իրավական աջակցության ծառայությունների բացակայությունը:

Ռոտը ԿԺԴՀ կառավարությանը կոչ է արել ընդունել խնդրի առկայությունը եւ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանելու եւ արդարադատության ապահովման համար: