Նոյեմբերի 22-ից Հայաստանի Կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Այս մասին նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Դրանով իսկ նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվելու 10 հազար, 20 հազար եւ 50 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 25-ից` 1 հազար, 2 հազար եւ 5 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ:

«Այս հիբրիդային թղթադրամները կազմված են թղթից եւ պոլիմերային նյութերից, ինչը դրանք ավելի պաշտպանված է դարձնում: Թղթադրամները պատրաստված են բամբակե թղթից եւ պատված են պոլիեսթերով», - ասաց Նահապետյանը:

Նրա խոսքով, պլաստիկ փողերը պատրաստված են Կենտրոնական բանկի հատուկ պահանջներին համապատասխան, դրանք ունեն բարձր պաշտպանիչ հատկություններ եւ կայունություն, ինչը նշանակում է դրամական  շրջանառության ծախսերի զգալի կրճատում:

«Վճարային տերմինալներով նոր թողթադրամներով գործարքներ իրականացնելը սկզբնական շրջանում հնարավոր չի լինի տեխնիկական հատկությունների եւ ծրագրային ապահովումների պատճառով, սակայն դրանք այդ հարցերը առաջիկայում կլուծվեն », - վստահեցրեց Նահապետյանը:

Գործող երկրորդ սերնդի թղթադրամները օրինական վճարային միջոցներ կմնան եւ շրջանառությունից դուրս կգան ըստ մաշվածության աստիճանի:

Դրա հետ մեկտեղ նոր թղթադրամների տեսակարար կշիռը այդքան էլ բարձր չի լինի:  ԿԲ-ն ցածր շրջանառության պատճառով կդադարեցնի նաեւ 100 հազար դրամանոց թղթադրամների թողարկումը:

1 հազար դրամ արժեքով թղթադրամի վրա պատկերված կլինի հայ բանաստեղծ Պարույր Սեւակը, 2 հազար դրամի`շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը, 5 հազար դրամի` ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամի` երգահան Կոմիտասը, 20 հազար դրամի` ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարի` Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր, Սբ. Գրիգոր Լուսավորիչը:

ԿԲ-ի արժութի թողարկման բաժնի  պետ Նունե Տերյանն իր հերթին, նշեց, որ նոր թղթադրամների համար կիրառվող դիզայներական լուծումները որեւէ սկզբունքային տարբերություններ չունեն երկրորդ սերնդի թղթադրամներից:

Հարցին, թե ինչու է որոշում ընդունվել 2 հազար դրամ արժեքով  թղթադրամ թողարկել, բանախոսները նշեցին, որ դա պահանջվում էր 1 հազար եւ 5 հազար դրամ թղթադրամների բարձր պահանջարկի հավասարակշռության համար: