2019 թվականի պետական բյուջեի նախագծի վերամշակված տարբերակը, ի տարբերություն նախկինում ներկայացվածի, հաշվի առնելով խորհրդարանականների առաջարկությամբ ներառված փոփոխությունները, նախատեսում է ծախսերի ավելացում:

Եվ 1 տրիլիոն 642 միլիարդ դրամի փոխարեն բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 648 մլրդ դրամ: Նոյեմբերի 21-ին այս մասին լուծարված Ազգային ժողովի արտահերթ նիստում 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Տարբերությունն, ըստ նախարարի պաշտոնակատարի,  կազմել է 5,9 մլրդ դրամ:

«Դա պայմանավորված է երկու մեծ բաղադրիչների առկայությամբ: Դրանցից մեկը վերաբերում է գիտական ծրագրերին», - բացատրեց պաշտոնյան: Միեւնույն ժամանակ, Ջանջուղազյանը նշեց, որ ավելացել են նաեւ ոստիկանության ծախսերը եւ կկազմեն 2,5 մլրդ դրամ: