ՀԿԵ-ն պատրաստվում է իր գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ բողոքարկելով ՏՄՊՊՀ–ի կողմից տուգանքի որոշումը:

Այս առնչությամբ, ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հեռուստառեպորտաժների եւ ԶԼՄ-ների հրապարակումների միջոցով տեղեկացան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից՝ «ԱՄ գրուպ» եւ «Արմսվիսբանկ» ընկերությունների դիմումների հիման վրա, 2018 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված «ՀԿԵ» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառելու որոշման մասին:

Ընկերության ներկայացուցիչները չեն տեղեկացվել եւ չեն մասնակցել հանձնաժողովի նիստին, ուստի չեն տիրապետում պաշտոնական տեղեկատվությանը եւ չունեն համապատասխան պաշտոնական փաստաթղթեր:

Նշված տեղեկատվության պաշտոնական հաստատման դեպքում՝ Ընկերությունը պատրաստվում է իր տնտեսական շահերը եւ գործարար համբավը պաշտպանել դատական կարգով՝ հանձնաժողովի որոշումը բողոքարկելով լավագույն փաստաբանների աջակցությամբ:  

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով»: