Կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 22-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրերս հանդիպել է ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ եւ նրանք դժգոհել են, որ իրենց զինգրքույկներում որեւէ նշում չկա մարտական գործողություններին մասնակցության մասին։
Ի պատասխան պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ որոշ զինկոմներ գրքույկներում դրել էին կնիքներ, հետո նախորդ տարիներին ջնջվեցին, էլի բողոքի ակցիաներ եղան, հիմա, որ կարգը սահմանվել է, նախարարին վերապահվել է իրավասություն՝ կարգը եւ ձեւը սահմանելը լրացնել:
«Ապրիլյան պատերազմի մասնակիցների զինգրքույկներում չի կարող նշվել մարտական գործողությունների մասնակից, քանի որ այն ենթադրում է առնվազն 3 ամիս մարտական գործողություններին մասնակցություն։ Վերջիններիս զինգրքույկում կարող է նշվել մարտական հերթապահության կամ մարտերին մասնակցության մասին տեղեկություն»,-ասաց Բալայանը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է իրենից ենթադրում մարտական գործողություն տերմինը զինգրքույկում ամրագրելը, Գաբրիել Բալայանն արձագանքեց՝ մարտերի բռնվել: «Մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտերին մասնակցած նախկին զինծառայողները սոցիալական որոշ երաշխիքներ են ստանում, օրինակ՝ ուսման վարձի 30% զեղչ, իսկ մարտական գործողություններին մասնակցությունն ավելի լայն սոցիալական երաշխիքներ է տալիս»,-ասաց նա:
Հարցին արձագանքեց նաեւ Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն եւ տեղեկացրեց Ապրիլյան պատերազմի մասնակիցների խնդիրն ավելի շատ բարոյական է, նրանք ցանկանում են, որ զինգրքույկներում նշվի իրենց մարտական հերթապահության մասին։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլ ենք հերթապահել, բայց ես չեմ համարում, որ պատերազմի մասնակից ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ի վերջո, Գաբրիել Բալայանը վստահեցրեց, որ մինչեւ հաջորդ ամսվա հինգը կլինեն նոր զինգրքույկները, որում նշումների բաժին կլինի, այնտեղ էլ կնշվի մարտական հերթապահության մասնակցության օրերի մասին տեղեկություն։




























