Օրեր առաջ Համազգային թատրոնի ստեղծագործական կազմի հետ հանդիպում եմ ունեցել, մանրամասն քննարկել ենք այն խնդիրները, որոնք իրենց մտահոգում են, բայց հասկանալի է, որ այն երկու կողմ ունի, պետք է լսենք ոչ միայն ստեղծագործական կազմին, այլ նաև Վիգեն Չալդրանյանին: Այս մասին, այսօր՝ նայեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով թատրոնում տեղի ունեցող զարգացումներին:

Դիտարկմանը, որ Համազգային թատրոնում բունտ է հասունանում, որ մի խումբ դերասաններ չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում ու պահանջում են վերջինիս հրաժարականը, Մակունցն ասաց. «Երեկ պետք է համատեղ հանդիպում ունենայինք պարոն Չալդրանյանի և թատրոնի ստեղծագործական կազմի հետ, որպեսզի բաց քննարկման ու համատեղ որոշման միջոցով ընդհանուր եզրահանգման գայինք: Սակայն ինչ-ինչ պատճառներով հանդիպումը չկայացավ: Խնդիրն ընթացքի մեջ է, և շուտով անպայման լուծում կտրվի»: