«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնը դարձել է մեր կյանքի կարևոր մասը՝ արտահայտելով Հայաստանն ու Արցախը հզորացնելու մեր ձգտումը։ Այս մասին նոյեմբերի 22–ին  «Հեռուստամարաթոն-2018»-ի նվիրատուներին ուղղված տեսաուղերձում ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

Նա հիշեցրեց, որ հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ ընդգրկուն ծրագրեր են իրականացվել Հայաստանում և Արցախում։

«Ազգի և հայրենիքի հզորության գրավականը միասնությունն է, քանի որ միասնաբար կարող ենք մեր երկիրը հզոր ու ծաղկուն դարձնել, ժողովրդի կյանքը՝ առաջադեմ ու բարեկեցիկ»,– ասաց կաթողիկոսը։

Վեհափառը կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը «նոր խանդավառությամբ» մասնակցել հեռուստամարաթոնին. «Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի առաքելությանը մասնակցելը վկայությունն է մեր հայրենիքի բարեշեն կյանքի հանդեպ մեր լավատեսության»։