Այնպես չէ, որ կոռուպցիան վերացել է, մենաշնորհները վերացել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին,  «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Մեր տնտեսական համակարգի ուղնուծուծը այսօր էլ այս երեւույթներն են կազմում: Կոռուպցիան այս տնտեսական համակարգի էությունն է: Արդյունքում տնտեսության անարդյունավետությունն է»,-ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ որոշ թվերի՝ նշելով, որ վերջին տասը տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ նվազել է:

«Վերջին տասը տարում Հայաստանը լքել է 430.000 մարդ: Մենք ունենք ծնելիության մակարդակի էական ակնում, ամենացածր կետին ենք հասել ՀՀ երկրորդ եւ երրորդ հանրապետությունների ընթացքում: Մենք դեպոպուլյացիայի խնդրի առաջ ենք կանգնելու մի  3-4 տարի հետո»,-ասաց Ասատրյանը սակայն նաեւ նկատեց, որ ժողովրդագրական առումով տարին կարող ենք փակել դրական ցուցանիշով, տարվա վերջին կունենանք 10 հազար հայրենիք վերադարձածներով, ինչը հեղափոխության թիվ մեկ արդյունքներից մեկն է: