Բունդեսթագը ուրբաթ՝ նոյեմբերի 23-ին, ընդունել է 2019-ի դաշնային բյուջեն: Համապատասխան բյուջեի օգտին քվերակել է 366 պատգամավոր, 284-ը դեմ է եղել, գրում է dpa-ն:

Բյուջեի ծախսերը հաստատվել են 356.4 միլիարդ եվրոյի չափով, ինչը 13 միլիարդ եվրոյով ավել  է, քան 2018 թվականին: Կառավարական կոալիցիան մեծացրել է պաշտպանական ծախսերը (43.2 միլիարդ եվրո, կամ 4.5 միլիարդով ավելի քան մեկ տարի առաջ), սոցիալական կարիքները (145.3 միլիարդ եվրո), տնտեսության թվայնացումը եւ զարգացող երկրների օգնությունը: Նշվում է, որ բյուջեն կնպաստի նախարարություններում եւ դաշնային գերատեսչություններում 8 750 նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Ինչպես նախորդ հինգ տարիների ընթացքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը նախատեսում է հրաժարվել նոր փոխառություններից, հետեւողականորեն հետեւելով «սեւ զրո» (schwarze Null) ռազմավարությանը: Այն ենթադրում է, որ ծրագրված ծախսերը  ֆինանսավորվում են ոչ թե նոր վարկերով, այլ միայն բյուջեի եկամուտներից:

Միեւնույն ժամանակ, ընդդիմությունը կարծում է, որ 2019 թ. բյուջեում «սեւ զրոն» հասնում է միայն պահեստների եւ կառավարության տարբեր հնարքների օգտագործման միջոցով: Բյուջեն սակայն, փաստացի, «զրոյական գծից» ցածր է: Այս մասին բունդեսթագում քննարկման ժամանակ ասել են ընդդիմության ներկայացուցիչները: