Դուբայի շեյխ, ԱՄԷ վարչապետ Մուհամմեդ Բեն Ռաշիդ Ալ Մակտումը հայտարարել է, որ մտադիր է օգնել ռուս զբոսաշրջիկ կնոջը, ով չի կարողանում հեռանալ երկրից։ Հիվանդանոցը, որտեղ մահացել է նրա մայրը, 15 մլն ռուբլի է պահանջել՝ տեղեկացնում է Gulf News-ը։

Դուբայի ղեկավարը հայտարարել է, թե ռուս կնոջը մարդասիրությունից ելնելով է օգնում։ Նա կվճարի բժիշկների պահանջած գումարը, որպեսզի 34-ամյա Անաստասիա Պոպովան վերցնի մոր դին եւ տուն վերադառնա։

Շեյխը նաեւ հայտարարել է, որ մտադիր է վճարել հանգուցյալի տեղափոխման եւ ընտանիքի անդամների տոմսերի համար։

57-ամյա Նատալյա Միխայլովան դստեր եւ երկու թոռների հետ մեկնել է Էմիրաթներ՝ հանգստանալու, սակայն այնտեղ վատ է զգացել, եւ հիվանդանոցներից մեկում, ախտորոշելով աորտայի պատռվածք, նրան վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։

Անաստասիան ասել է, որ իրեն 228 000 դոլարի կտրոն են տվել, որ վճարի, իսկ ապահովագրական ընկերությունն ընդհանրապես չի էլ պատասխանում հարցումներին։

Մինչեւ նշված գումարը վճարելը Անաստասիային չի թույլատրվում հեռանալ երկրից եւ տանել մոր աճյունը։

Նա հայտնել է, որ մեկնել հաջողվել է միայն երեխաներին, նրա ամուսինը եկել եւ տարել է իրենց երկու դուստրերին։