Երեւանի կենտրոնում սկսել են գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը հայտարարել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Երեւանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ նախքան խորհրդակցության մեկնարկը, Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին:
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնում գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներին, Մարությանը նշել է, որ գործընթացը տարածվելու է քաղաքի այլ շրջաններ եւս, եւ այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու:
«Սա մեր քաղաքականությունն է: Երեւանը բացի նրանից, որ պետք է լինի հարմար, պետք է լինի նաեւ գեղեցիկ: Մենք ուզում ենք զարգացնենք տուրիզմը՝ մոռանալով քաղաքի արտաքին տեսքի մասին: Մեծ ուշադրություն ենք դարձնելու մեր քաղաքի արտաքին տեսքին, եւ եթե կլինեն անհատներ եւ կազմակերպություններ, որոնք կփորձեն մեզ խանգարել, մենք կդիմենք կոնկրետ գործողությունների: Այս հարցում նախապատվություններ կամ կողմնապահություններ չեն լինելու»,-նշել է Հայկ Մարությանը:





























