Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 2-ին Երեւանի պետհամալսարանում մասնակցել է ՀՀ պետական բուհերում բարձր առաջադիմությամբ աչքի ընկած ուսանողների կրթաթոշակների հավաստագրերի հանձնման արարողությանը: Վարչապետը հավաստագրեր է հանձնել կրթաթոշակի արժանացած լավագույն ուսանողներին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը նշել է, որ կառավարության նպատակը համալսարաններում առաջադիմությունը խրախուսելն է:
«Ուսանողների ձգտումները պետք է միտված լինեն դեպի ապագա: Կարեւոր է իմանալ ձեր կարծիքը` ինչպիսին եք դուք պատկերացնում Հայաստանի ապագան 15, 20, 25 տարի հետո եւ ինչպիսի երկրում դուք պետք է ապրեք: Դա էապես կօգնի նաեւ կառավարությանը, որովհետեւ մենք պարտավոր ենք այսօր Հայաստանում այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ձեր երազած երկրի ամուր հիմքերն ստեղծենք:
Իմ համոզմունքը հետեւյալն է. ժամանակակից աշխարհն ինտելեկտի, գիտելիքի մրցակցության աշխարհ է, եւ օրեցօր այս գործոնի նշանակությունն ու դերակատարությունն ուժգնանում է: Համոզված եմ, որ դրան այլընտրանք չկա, եւ եթե մենք ուզում ենք կառուցել ժամանակակից հասարակություն, այն պետք է հիմնված լինի գիտելիքի վրա: Այդ տեսակետից մենք պարտավոր ենք կարեւորել գիտելիք ունեցող մարդկանց, մարդկանց, ովքեր ինտելեկտուալներ են, ովքեր իրենց նվիրում են սովորելուն, եւ մեր հասարակությունը պետք է արժեւորի այդպիսի մարդկանց»,- ասել է նա:
Այնուհետեւ վարչապետը պատասխանել է ուսանողների հարցերին:
Նշենք, որ ուսանողական կրթաթոշակների տրամադրման ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ. այդ նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրվել է շուրջ 60 մլն դրամ: Ներկայացված շուրջ 800 հայտերից կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսում սովորող, անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած շուրջ 600 ուսանողներ: Նշենք, որ արդեն մեկնարկել է կրթաթոշակի արժանացած ուսանողների ուսման մեկ կիսամյակի համար հատկացված վարձավճարների` բուհերին փոխանցման գործընթացը:



























