Ներքաղաքական պայքարի ֆոնին ֆեյք կայքերի ակտիվացում է նկատվում: Մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ նման կայքերի ստեղծման վերջին լուրջ ալիքը նկատվել էր 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, երբ կային մարդիկ, որոնք փորձում էին օգտվել  իրավիճակից եւ  եւ առաջ տանել իրենց շահերը, այդ թվում տնետեսական:

«Այսօր էլ նման կայքեր են ստեղծվում: Անհասկանալի է, թե ով է դրանց սեփականատերը, խմբագիրը եւ լրագրողները: Ընդ որում այդ կայքերը կարող են շատ հեշտ բացվել եւ փակվել», - նշեց նա:

Փորձագետն ընդգծեց, որ շատ հաճախ կայքի անվանումը կարող է նման լինել ինչ-որ հայտնի լրատվամիջոցի անվանը:

«Ընթերցողները պետք է նայեն, թե ինչ աղբյուր է դա, այսինքն կարեւոր է ոչ միայն տեղեկությունն ինքնին, այլեւ այն, թե ով է այն տարածում: Պետք է իմանալ, թե ովքեր են լրագրողները, խմբագիրները, կայքի դոմենը: Եթե այդ ամենը չկա, ապա ավելի լավ է խուսափել այդ աղբյուրի տեղեկատվության սպառումից: Մյուս կողմից կարեւոր է նորմալ լրատվամիջոցների ներկայացուցիչների պահվածքը: Օրինակ՝ ներողություն խնդրել սխալ տեղեկատվության համար», - պարզաբանեց Մարտիրոսյանը:

Նա նկատեց, որ Հայաստանում մոտ 200 կայք կա, ընդ որում նրանց թվում շատ փոքր տոկոս են կազմում ընդգծված քաղաքական ուղղվածություն ունեցողները, սակայն նրանց առավելությունը նրանում է, որ աշխատանքը բարձր մակարդակում է կատարվում:

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ հասարակությունում ժովովրդավարության մակարդակը հնարավորություն չի տալիս պայքար մղել օրենսդրական մակարդակում:

«Աշխատանքները պետք է երկու ուղղությամբ կատարվեն՝ բնակչության տեղեկատվական գրագիտության բարձրացման եւ օրենսդրական փոփոխությունների, որոնք պետք է շատ զգույշ իրականացնել»,- նշեց նա: