Կարեն Անդրեասյանի նշանակումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ոչ միանշանակ է ընդունվել ոչ միայն իրավապաշտպան գործունեություն իրականացնող կազմակերպությունների, այլ հենց ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների կողմից: Նրանցից շատերը, այդ թվում եւ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, NEWS.am-ի տեղեկություններով, որոշել են աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ անցնել այլ աշխատանքի: Նրանց, ըստ լուրերի, չի գոհացնում այն հանգամանքը, որ աշխատելու են «անհայտ եւ ջահել» կադրի ենթակայության ներքո, քանի որ գրասենյակում կան իրավաբանության ոլորտում իրենց վաստակով Անդրեասյանին մի քանի անգամ գերազանցող մարդիկ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահե Ստեփանյանը, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, հայտարարեց. «Ես ոչ մի բան վաղօրոք չեմ որոշում: Նոր մարդ է Անդրեասյանը, կարող է իր հետ աշխատանքը ստացվել, կարող է չստացվել, ես ինչպե՞ս կարող եմ վաղօրոք ինչ-որ բաներ մտածել»:

Ի դեպ, լուրեր կան, թե ՄԻՊ աշխատակիցների` այլ աշխատանքի անցնելու որոշման հարցում մեծ դեր է խաղացել նաեւ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների ցածր աշխատավարձը: Վահե Ստեփանյանը նշեց, որ հունվարից բարձրացել է ՄԻՊ գասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: «Բայց ես կոնկրետ անձանց մասին, ովքեր մտադիր են դուրս գալ աշխատանքից, տեղեկություններ չունեմ»,-նշեց ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:

Հարցին, թե Կարեն Անդրեասյանը արժանի՞ թեկնածու է օմբուդսմենի պաշտոնում աշխատելու համար, Ստեփանյանն  արձագանքեց. «Դուք ինձ հարց եք տալիս մի մարդու մասին, ում ես, ըստ էության, ծանոթ չեմ: Նրա կենսագրական տվյալները նորմալ տվյալներ են, բայց առայժմ միայն այսքանը կարող եմ ասել»: Իսկ թե կստացվի՞ նոր ՄԻՊ-ի հետ աշխատանքը, թե ոչ` ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը դժվարացավ ասել եւ առաջարկեց զանգահարել գոնե մի շաբաթ անց: «Երբ ես  այդ մարդուն գոնե առերես բարեւած լինեմ, նոր կարող եմ ինչ-որ  պատասխան տալ: Բայց այսօր ապրիորի չեմ կարող պատասխանել»,- նշեց նա: