ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսեւորած անբարեխիղճ աշխատանքին:

Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիմումներից մեկում նշված է նաեւ տեսուչի անունը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տալու բոլոր նմանօրինակ ահազանգերին՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառելու եւ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: