Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամը երեք շաբաթ տեւողությամբ վերապատրաստում է անցել բրիտանական հատուկ ծառայություններում եւ համարել է օգտակար իր այդ փորձը, հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով Քենսինգթոնյան պալատին:

«Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիայում միջազգային ահաբեկչության սպառնալիքը վերջին հինգ տարիների ընթացքում համարվում էր «Վտանագավոր» կամ ավելի բարձր, դուքսը մեծ ցանկություն ուներ անձամբ տեսնել ակնառու աշխատանքը, որն իրականացնում են հետախուզության եւ անվտանգության ծառայությունների աշխատակիցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Խոսքը վերաբերում է ՄԻ-5, ՄԻ-6 հետախուզական ծառայություններին եւ Կառավարական կապի կենտրոնին (GCHQ): Արքայազնի խոսքերով՝ MI5-ում, MI6-ում եւ GCHQ-ում «կան բազմաթիվ սովորական մարդիկ, որոնք կատարում են հսկայական աշխատանք մեր անվտանգությունն ապահովելու համար»:

«Մեր անվտանգության եւ հետախուզության ծառայություններում ժամանակ անցկացնելը, մեծ կենսական նշանակություն ունեցող ներդրման ընկալումը, որը նրանք բերում են մեր ազգային անվտանգության համակարգ, իսկապես ուսանելի փորձ էր»,-ասել է նա:

Վերապատրաստման ժամանակ արքայազն Ուիլյամը, մասնավորապես, ուսոմնասիրել էր՝ ինչպես են հակաահաբեկչական ստորաբաժանումները վերլուծում հետախուզական նյութն ու անցկացնում հետաքննություն: GCHQ-ի ղեկավարը, որտեղ արքայազնն անցկացրել էր վերապատրաստման վերջին շաբաթը, հայտարարել է, որ դուքսն աշխատում էր «առավելագույն ջանասիրությամբ» եւ «շատ լավ էր զգում իրեն բարձր որակավորում ունեցող վերլուծաբանների եւ օպերատորների շրջանում»:

«Արքայազնը մի քանի հարց էր տվել եւ ցուցադրել մեր առաքելության մասին իր գիտելիքներն ու պատկերացումը»,-ասել է հատուկ ծառայության ներկայացուցիչը:

Դուքսը նաեւ նշել է , որ հատուկ ծառայություններում աշխատանքը բարդ է եւ վտանգավոր: Դրանց աշխատակիցները ստիպված են աշխատել «գաղտնի պայմաններում. հաճախ նրանք չեն կարող պատմել իրենց հարազատներին եւ ընկերներին աշխատանքի մասին, որը նրանք կատարում են, կամ սթրեսների մասին, որոնց բախվում են»: «Մենք բոլորս պետք է մեր խորին երախտիքը հայտնենք նրանց կատարած բարդ եւ վտանգավոր աշխատանքի համար»,-ընդգծել է դուքսը: