Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 5–ին հյուրընկալել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում, որը տեղի էր ունենում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ, անդրադարձել խորհրդարանական հանրապետություններում նախագահական ինստիտուտի գործունեությանը:

Նախագահը, մասնավորապես, նշել է, որ պատրաստակամ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց տեսակետները երկրի զարգացմանը վերաբերող կարևոր հարցերի շուրջ:

Հյուրերի խնդրանքով նախագահը նաև անդրադարձել է նախագահական ինստիտուտի մի շարք նախաձեռնություններին, ինչպես նաև առաջիկայում Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: