Հայաստանում Ազգային անվտանգության ծառայության կադրերի պատրաստման համար պրոֆիլային ակադեմիա կկառուցվի: Այս մասին այսօր 2018 թ. պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ եթե Հայաստանում ցանկանում են ժամանակակից ակադեմիա հիմնել, ապա դրա ենթակառուցվածքի համար մոտ 2 մլրդ դրամ կծախսվի:
«Մոտ 4 173 000 դոլար կծախսվի արտասահմանում մեր աշխատակիցների ուսուցման համար: Եվ եթե համեմատենք, ապա այդ 2 միլիարդն այդքան մեծ գումար չի թվա»,- հայտարարել է Վանեցյանը:
Նա հավելել է, որ նման ուսումնական կենտրոնի բացումը նպատակահարմար է ազգային անվտանգության եւ բյուջետային միջոցների տնտեսման տեսանկյունից:
Բացի այդ, ԱԱԾ տնօրենի խոսքով՝ նման ակադեմիայում կկարողանան կրթություն ստանալ ոչ միայն ԱԱԾ ապագա կադրերը, այլ նաեւ հարակից կառույցների կադրերը:
Այժմ, ինչպես նշել է Վանեցյանը, կադրերը ուսում են ստանում Ռուսաստանում:
Վանեցյանը դիմել է նաեւ խորհրդարանին եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ խնդրանքով աջակցել այդ ծրագրի իրականացմանը:
Նա հայտնել է, որ ապագա ուսումնական կենտրոնի վայրն արդեն ընտրվել է, եւ մնում է լուծել միայն ֆինանսավորման հարցը:
Բացի այդ, Վանեցյանի խոսքով՝ ակադեմիայում նաեւ հատուկ հարթակ կստեղծվի հատուկջոկատայինների վերապատրաստման համար:




























