Գերմանիայում գործարկվել է հիպերձայնային զենքի ստեղծման ծրագիր։ Համապատասխան տեխնոլոգիաները կկիրառվեն կառավարվող հրթիռի ստեղծման համար, որի արագությունը, ինչպես նախատեսվում է, հինգ անգամ կգերազանցի ձայնի արագությունը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Welt թերթը՝ հղում կատարելով եվրոպական MBDA կոնցեռնի սպառման բաժնի ղեկավար Պետեր Հայլմայերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սպառազինության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ շահագործման դաշնային գերատեսչությունը (BAAINBw, Բունդեսվերի գնորդը) անցած տարի գործարկել էր ծրագիրը «կոնկրետ սպառնալիքների պարագայում», որոնք, Հայլմայերի խոսքով, ռուսական անօդաչու սարքերն էին։ Ինչպես նշեց MBDA ներկայացուցիչը, «այստեղ գոյություն ունեցող պաշտպանական մարտական համակարգերը բախվել են իրենց հնարավորությունների սահմանագծին»։
Ավելի վաղ Հայլմայերը պնդում էր, որ նոր տեխնոլոգիաները կօգտագործվեն «զուտ պաշտպանական բնույթի» հրթիռի ստեղծման համար։ Առայժմ կոնկրետ որեւէ բան չի ստեղծվել։ Նախատեսվում է, որ առաջին փորձարկումները կսկսվեն երեք տարվա ընթացքում։ Ծրագիրն առայժմ ղեկավարվում է գերմանական կողմից՝ առանց եվրոպական մյուս երկրների հաշվառման։
Welt-ը նաեւ հիշեցրել է, որ ներկայում փորձագետներն ուսումնասիրում են, թե ինչպես է ՀՕՊ նոր մարտավարական համակարգը (TLVS), որը պետք է ձեռք բերի Բունդեսվերը ամերիկյան Patriot-ների փոխարեն, օգտագործվելու նոր ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար։ Մինչեւ հունիսի վերջ MBDA-ի եւ ամերիկյան Lockheed Martin կոնցեռնի համատեղ ձեռնարկությունը կներկայացնի նոր առաջարկություններ։
MBDA-ում չեն բացառում, որ նոր հիպերձայնային հրթիռը կարող է օգտագործվել ՀՕՊ համակարգերում, այսինքն՝ TLVS-ում, եւ հետագայում դառնալ համաեվրոպական նախագիծ։





























