Հունիսի 7-ին Թերեզա Մեյը կհեռանա Պահպանողական կուսակցության նախագահի պաշտոնից, իսկ շուտով կլքի նաեւ Բրիտանիայի վարչապետի աթոռը։ «Բրեքսիթի» եզրին կանգնած երկրի ղեկը ստանձնել ցանկացողները զարմանալիորեն շատ են, ֆավորիտը Բորիս Ջոնսոնն է, բայց ֆավորիտները միշտ չէ, որ առաջինն են լինում, տեղեկացնում է BBC-ն։
Թերեզա Մեյի հրաժարականը տալիս է կառավարող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության մեկնարկը։ Այդ գործընթացը պետք է ավարտվի հուլիսի երկրորդ տասնօրյակում, երբ թորիների նորընտիր առաջնորդը կզբաղեցնի նաեւ կառավարության ղեկավարի աթոռը։
Կուսակցության եւ կառավարության ղեկավարի պաշտոնների պայքարի ֆավորիտը թե՛ հարցումներով, թե՛ բուքմեքերների գնահատականներով նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է։ Նա ամենահանրահայտ քաղաքական գործիչն է թե՛ Պահպանողական կուսակցության, թե՛ բրիտանացի բոլոր ընտրողների շրջանում։
Բայց դա բնավ հաղթանակ չի երաշխավորում Ջոնսոնի համար։
Պահպանողականներին այժմ առաջնորդ է հարկավոր, որն ինչ-որ կերպ կմիավորեր թորիների խորհրդարանական խմբակցությունը, որը փաստորեն պառակտվել է «բրեքսիթի» շուրջ տարակարծությունների պատճառով։ Պատգամավորների մեծ մասը կարող է որոշել, որ Ջոնսոնը, որպես կոշտ «բրեքսիթի» կողմնակից եւ մարդ, ով հակված է աղմկալի եւ ոչ միշտ՝ խելամիտ հայտարարությունների, այդ դերին հարմար չէ, եւ նա դեռ անելու շատ բան ունի մինչեւ վերջնագիծ։
Արդյունքում՝ առաջինը վերջնագիծ կարող է հասնել, օրինակ, շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, որը Ջոնսոնին խանգարեց կուսակցության առաջնորդի նախորդ ընտրությունների ժամանակ, կամ արտգործնախարար Ջերեմի Հանթը, կամ մի այլ փոխզիջումային ֆիգուր։
Հունիսի 7-ի դրությամբ առաջադրվել պատրաստվում էր 11 թորի քաղաքական գործիչ (մինչեւ ընտրությունների սկիզբ նրանց թիվը կարող է կրճատվել)։
Նրանց մեջ են Թերեզա Մեյի կառավարության հինգ գործող եւ չորս նախկին անդամներ։
Տասնմեկ թեկնածուից ութը սովորել է Օքսֆորդի համալսարանում։





























