Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացված մրցույթի արդյունքները։
Նախարարը նշել է, որ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հնարավորինս ներառական մասնակցություն ապահովելու համար: Քննարկվել է նաեւ Խորհրդի կազմում գործարար ոլորտը ներկայացնող ՀԿ-ների ներգրավման հարցը: Վարչապետը կարեւորել է գործարար շրջանակները ներկայացնող ՀԿ-ների ներգրավումը Խորհրդի կազմում եւ համապատասխան հանձնարարական տվել Արդարադատության նախարարին:
Նիստի օրակարգի շրջանակում արդարադատության նախարարը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի լրամշակված նախագիծը: Նախարարի խոսքով՝ փաստաթղթի շուրջ լայն հանրային քննարկումներ են եղել Երեւանում եւ բոլոր մարզերում, եւ ռազմավարության լրամշակված տարբերակը ներառում է այնպիսի կարեւոր տարրեր, ինչպիսիք են միջոցառումների ծրագրի իրականացման համակարգումը, մշտադիտարկումը, հսկողությունը եւ դրա վերաբերյալ հանրային հաղորդակցությունը, ինչպես նաեւ ԵՄ փորձագետների աջակցությամբ ծախսերի վերլուծությունը եւ ֆինանսական գնահատականը։ Ռազմավարության հիմնական վերստուգիչ ցուցանիշը Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի փոփոխությունն է՝ այն 35-ից 55-ի հասցնելը:
Ռ. Բադասյանն անդրադարձել է Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղղություններին՝ ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում, հակակոռուպցիոն կրթություն եւ իրազեկում եւ այդ ուղղություններով նախատեսվող քայլերին:
Մասնավորապես, Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման համատեքստում նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների եւ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ստեղծում: Կոռուպցիայի կանխարգելման առանցքային ուղղություններն են՝ հայտարարագրման համակարգի բարեփոխումը, ծախսերի հայտարարագրումը, ոլորտային ռիսկերի վերհանումը, միջոցառումների ծրագրի մշակումը, բարեվարքության ամրապնդումը եւ վարչարարության պարզեցման նպատակով էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրումը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով Ռազմավարությամբ նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների ցանկի սահմանում Քրեական օրենսգրքով, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության նախատեսում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կառուցակարգերի մշակում, կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկայի մշակում եւ կիրառում, բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում: Իսկ 4-րդ ուղղության՝ հանրային կրթության եւ իրազեկման նպատակով նախատեսվում է հակակոռուպցիոն կրթության իրականացում ավագ դպրոցներում եւ բուհերում, վերապատրաստումների իրականացում, ինչպես նաեւ հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում եւ իրականացում:
Գործընթացը համակարգող մարմինը լինելու է Արդարադատության նախարարությունը, ընդհանուր կարիքների նախնական ֆինանսական գնահատականը կազմում է 16,528,044,400 ՀՀ դրամ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել է Ռազմավարությունում ներառված թեմաներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են հայտարարագրման համակարգի բարեփոխումներին, հայտարարագրման ենթակա պաշտոնատար անձանց շրջանակին, ինստիտուցիոնալ համակարգի գործունեությանը եւ անկախության երաշխիքներին, մասնագիտացված դատարանների գործունեությանը, դատավորների կարողությունների ապահովմանը, նյութական եւ սոցիալական անհրաժեշտ երաշխիքների ձեւավորմանը, մասնագիտական վերապատրաստմանը, ընդհանուր առմամբ հակակոռուպցիոն մարմինների հաշվետվողականությանն առնչվող եւ այլ հարցեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ամփոփելով մտքերի փոխանակությունը, կարեւորել է շահագրգիռ քննարկումները, որոնք նպաստում են Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի ամբողջական եւ համապարփակ տարբերակի մշակմանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ քննարկումների արդյունքում բոլոր դիտողությունները լսվել են, հնարավորները՝ ներառվել, այժմ պետք է հնարավորինս արագ հաստատել փաստաթուղթը եւ անցնել իրագործման փուլին:




























