Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի մասնակցի Կոլումբիայում Ամազոնիայի հարցով գագաթնաժողովին՝ կապված սեպտեմբերի 8-ին նրա առաջիկա վիրահատության հետ: Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Օտավիու Ռեգու Բարուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Բժիշկների հանձնարարությամբ ուրբաթից նախագահը ստիպված կլինի անցնել հեղուկ կերակուրի: Արդյունքում՝ Լետիսիա ուղեւորությունը գործնականում անհնար է»,- հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ: Բարուսի պարզաբանմամբ՝ կառավարությունը քննարկում է հանդիպմանը նախագահի ներկայացուցչին ուղարկելու հնարավորությունը:

Հարավամերիկյան պետությունների առաջնորդները, որոնց տարածքներում են գտնվում Ամազոնիայի անտառները, սեպտեմբերի 6-ին կհանդիպեն Կոլումբիայի Լետիսիա քաղաքում՝ քննարկելու համար այս տարածքում բնական հրդեհների հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի սկզբին Բրազիլիայի հարավ-արեւելքում Բոլսոնարուին դանակով ծանր վիրավորել էին Ժուիզ դի Ֆորա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական գործիչը հիվանդանոցում էր անցկացրել 3 շաբաթից ավելի եւ ենթարկվել 2 վիրահատության: Երրորդ եւ այս պահին վերջին վիրահատությունը կատարվել էր հունվարի վերջին՝ հեռացվել էր կոլոստոմյան պարկը, որը Բոլսոնարուն օգտագործում էր աղիքների վնասվածքների պատճառով:

Բոլսոնարուն կիրակի իր Twitter-յան էջում հայտնել էր առաջիկա հոսպիտալացման մասին: Նրան կիրակի առավոտյան զննել էր բժիշկներից մեկը, որ նախագահին հետազոտել էր նաեւ Սան Պաուլուում Ալբերտ Էյնշթեյնի անվան հիվանդանոցում նրա նախորդ հոսպիտալացումների ժամանակ: Բժիշկն ավելի վաղ վերքի տեղում ճողվածքի առաջացման հնարավորության մտավախություն էր հայտնել: