Բոլորովին վերջերս ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  Հայաստանի Ավետարանական աստվածաբանական ակադեմիայի եւ գերմանական համալսարանի գործունեության կասեցումից հետո Գյումրիի մասնավոր բուհերի ռեկտորների մոտ խուճապն ու անհանգստությունն ավելի է մեծացել: Մասնավոր բուհերի գյումրեցի ռեկտորներն հակված են կարծելու, որ ԿԳՆ-ն ուսանող չլինելու եւ պետական բուհերը ուսանողներով համալրելու  համար է կասեցնում մասնավոր բուհերի լիցենզիաները:

«Ուսանողի պակաս ունեն բոլոր  բարձրագույն ուսումնական հաստատությունները, մեր համալսարանում էլ այդ խնդիրը կա, սակայն դա ԲՈՒՀ փակելու հիմնավոր  պատճառ չէ»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի «Պրոգրես» ոչ պետական  համալսարանի ռեկտոր Ռաֆիկ խաչատրյանն ու հավելել, որ «Պրոգրես» համալսարանում նկատվում է ուսանողների թվի նվազման միտում, իսկ այս տարի էլ պրոֆեսորա-դասախոսական կազմի կրճատում է սպասվում:

Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի` խնդիրը նոր ուսումնական տարում ավելի կլրջանա, քանի որ ինչպես հայտնի է, 2011-ին  շրջանավարտներ չեն լինելու: Իսկ ուսումնական հաստատություններ փակելով կրթության եւ գիտության նախարարությունը,ըստ ռեկտորի, հարցին օբյեկտիվ լուծում տալ չի կարող: